AM
7 Հոկտեմբեր 2010 - 11:10 AMT

Հայաստանը պետք է ճանաչեր ԼՂՀ-ի անկախությունը դեռևս մինչ Կոսովոյի միջազգային ճանաչումը

«ԼՂՀ-ն որպես անկախ պետություն ճանաչելու գործընթացը հրամայական է եղել ՀՀ անկախության ճանաչումից ի վեր և եղել է հայ ժողովրդի օրակարգում: Մենք կորցրել ենք պատմական տարբեր հնարավորություններ քաղաքական և իրավական դաշտում», – այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` արձագանքելով հոկտեմբերի 5-ին Աժ ում ` իրենց կողմից քննարկման դրված ԼՂՀ-ի ճանաչման նախագծի շուրջ վերջին գործընթացներին: Նրա խոսքերով` Հայաստանի երեք նախագահներն էլ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման խնդրի առումով նույն քաղաքականության հետևորդներն են եղել և 19 տարի շարունակ մեր հասարակությանը մատուցել են այն հնացած պատճառաբանությունը, թե ճանաչումը խանգարելու է բանակցային գործընթացին: «Ժառանգություն» կուսակցության հաստատումից հետո ևս մեկ այդպիսի բացթողնված հնարավորություն կուսակցության նախագահը համարում է Կոսովոյի ճանաչման գործընթացը. «ՀՀ-ն մինչ այդ պիտի արդեն ճանաչեր ԼՂՀ անկախությունը` նվազագույնը` այդ նախագիծը ներկայացներ ԱԺ քննարկման: Մենք մինչ ԼՂՀ ճանաչման հարցը Աժ օրակարգ մտցնելը, ձեռք ենք մեկնել բոլոր նրանց, ովքեր այս հարցի շուրջ մտավախություններ ունեին, ինչպես ՀՅԴ-ից, այնպես էլ կոալիցիոն այլ ուժերից և ոչ միայն»:

Ինչպես տեղեկացրին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, հարգելով ԱԺ նախագահի խնդրանքը, նրանք որոշել են այդ նախագծի քվեարկությունը հետաձգել մինչև հաջորդ քառօրյա:

Նախընտրական գործընթացների ու «Ժառանգության»՝ ընտրազանգված կորցնելու մասին վերջին խոսակցությունների վերաբերյալ, կուսակցական առաջնորդը նշեց. «Ընտրությունների ձևաչափի մասին խոսելը վաղաժամ եմ համարում. միայն կարող եմ նշել , որ մենք նախապատրաստական ակտիվ փուլի մեջ ենք և բաց ենք համագործակցության համար: Իսկ մեր կուսակցության անունը արդեն 20 տարի է շահարկում են.առաջիկա ընտրություններում կերևա, թե հասարակությունը ինչպես է վերաբերվում թե’ մեզ, թե’ իրենց»: