AM
8 Հոկտեմբեր 2010 - 09:12 AMT

Վերջին տարիներին մարզերում ենթակառուցվածքները բարելավելու առումով կան տեսանելի արդյունքներ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ֆրանսիական Ռոն- Ալպ ռեգիոնի պատվիրակությանը` շրջանային խորհրդի փոխնախագահ տկն Վերոնիկ Մորեյրայի գլխավորությամբ:

Ռոն- Ալպ ռեգիոնը գործակցում է Հայաստանի մի շարք համայնքների հետ, եւ փոխվարչապետը բարձր գնահատեց ձեւավորված համագործակցությունը: Վ. Մորեյրան փոխվարչապետին ներկայացրեց Հայաստանի հետ գործակցության սկզբունքները` նշելով, որ մտադիր են համախմբել Ռոն- Ալպ ռեգիոնում տարբեր համայնքների եւ տարբեր ասոցիացիաների կողմից Հայաստանի հետ համագործակցության բոլոր նախաձեռնությունները եւ դրանց առավել համակարգված բնույթ հաղորդել: Որպես գործակցության ուղղություններ նշվեցին տնտեսական, գյուղական զարգացման եւ զբոսաշրջության ոլորտները:

Ա. Գեւորգյանը ողջունեց նման մտադրությունը` ավելացնելով, որ վերոնշյալ ուղղությունները համահունչ են ՀՀ կառավարության որդեգրած` տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը: Նշվեց, որ վերջին տարիներին մարզերում սոցիալական եւ արտադրական ենթակառուցվածքները բարելավելու առումով զգալի աշխատանքներ են տարվում, կան տեսանելի արդյունքներ, թեեւ անելիքները դեռեւս շատ են: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ նաեւ ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ հնարավոր կլինի հաղթահարել առկա խնդիրները:

Հյուրերը գոհունակություն հայտնեցին ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի աշխատանքներից եւ քննարկված թեմաներից` նշելով, որ հետագա հանդիպումների ընթացքում հնարավոր կլինի շարունակաբար քննարկել գործակցության ուղղությունները: Նրանք Հայաստանում նկատել են զգալի առաջընթաց, իսկ համաժողովի քննարկումներից եկել են այն եզրահանգման, որ Հայաստանն այս ոլորտի զարգացման ճիշտ ուղի է որդեգրել, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ: