Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի հանդեպ կալանավայրում բռնության կիրառման վերաբերյալ տարածված հաղորդագրությունների առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՄԻՊ գրասենյակը լրատվամիջոցներին երեկ պարզաբանումներ է տվել միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ, և ո’չ հաստատել, ո’չ էլ հերքել է հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը, քանի որ այն ի սկզբանե իրարամերժ էր:
Հայտնում ենք, որ եթե Ն. Փաշինյանը համաձայն չէ Առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից դատաբժշկական փորձաքննության տվյալների արդյունքներին, ապա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է վերջինիս աջակցել այլ փորձաքննություն անցկացնելու հարցում»:
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը անընդունելի է համարում մինչ պաշտոնական փորձաքննությունը հայտարարություններ անելը և կոչ է անում զերծ մնալ նման հայտարարություններից: Կոչը հավասարապես ուղղված է ՀՀ ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանին և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Ա. Բաբայանին, ովքեր նախքան փորձաքննության արդյուքների ստանալը հանդես էին եկել հայտարարություններով»,-ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրության մեջ:





