Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը հինգշաբթի՝ նոյեմբերի 18-ին, գերմանական Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի աջակցությամբ կայացած Road Map for Peace in the Southern Caucasus – «Property – Liberty – Prosperity» խորագրով սեմինարի ժամանակ հետևյալ դիտարկումներն է արել մարտյան իրադարձությունների արդյունքում դատապարտված և անազատության մեջ գտնվող 9 անձանց, այդ թվում՝ Փաշինյանի հետագա ճակատագրի առնչությամբ։
«Դեսպանությունը հետաքրքրությամբ և ուշադրությամբ հետևում է 2008թ. մարտյան իրադարձությունների առնչությամբ ծավալվող զարգացումներին։ Ինչ վերաբերում է 9-ի խմբի քաղաքական ճակատագրին, նրանց, ովքեր ձերբակալվել և դեռ անազատության մեջ են, կարևոր է և հետաքրքիր, թե գործադիր և դատական իշխանություններն ինչպես կանդրադառնան այս հարցին։ Միջազգային հանրությունը (Եվրամիությունը և նրա անդամ պետությունները, ինչպես նաև՝ Եվրախորհուրդը) քննադատ աչքով հետևում են նաև, թե ինչ ընթացք կտրվի Փաշինյանի դեպքին դատական և գործադիր իշխանությունների կողմից։
Այդուհանդերձ հենց Փաշինյանի հետ կապված վերջին դեպքը մտածելու տեղիք է տալիս. ինձ համար՝ որպես իրավաբանի, դժվար է հասկանալ, թե ինչու են քննադատություններ հնչում նախքան գործի քննության ավարտը։ Համենայնդեպս՝ ճիշտ կլիներ իրականացնել նաև կրկնակի փորձաքննություն, ինչպես օրինակ առաջարկում էր մարդու իրավունքների պաշտպանը, սպասելով արդյունքներին՝ նախքան «շարունակական բռնությունների և մեկուսացման» մասին խոսելը։»,-ասել է դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, հաղորդում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան մամլո ծառայությունը:





