AM
22 Նոյեմբեր 2010 - 08:18 AMT

Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն այցելել են ռազմական ինստիտուտ

Նոյեմբերի 19-ին ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մի խումբ սաներ այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այցի ընթացքում ճեմարանականները ծանոթացան ինստիտուտի ուսումնական գործընթացին, կուրսանտների առօրյային, շրջեցին մասնագիտական լսարաններով, եղան ինստիտուտի թանգարանում և ապագա սպաների ննջարաններում: Ճեմարանականները տեղեկություններ ստացան նաև հայոց բանակի արդի վիճակի մասին:

Այնուհետև ռազմական ինստիտուտի հանդիսությունների դահլիճում ճեմարանի երգչախումբը Շոթա Վարդանյանի ղեկավարությամբ հանդես եկավ գեղարվեստական հայտագրով` կատարելով շարականներ, ռազմահայրենասիրական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ինստիտուտի հոգևոր սպասավոր Տիգրան սարկավագ Բաղումյանը խոսեց հոգևոր երաժշտության և հասարակության մեջ զինվորականներին և հոգևորականներին վերապահված կարևոր դերակատարության մասին: Նա հույս հայտնեց, որ կրթական երկու հաստատությունների միջև անդրանիկ այս այցելությամբ սկզբնավորված հարաբերությունները կարդյունավորվեն համատեղ ծրագրերով և գործնական քայլերով:

Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, վերջում Ճեմարանի փոխտեսուչ Մաղաքիա աբեղա Ամիրյանը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և ռազմական ինստիտուտի գրադարանին նվիրաբերեց հոգևոր գրականություն: Հայր Սուրբն ապագա հրամանատարներին մաղթեց բազկի արիություն, հաջողություններ ուսման մեջ և անկոտրում ոգի: