AM
26 Նոյեմբեր 2010 - 11:28 AMT

Վտանգված են ուրարտական դարաշրջանի 4000-ամյա քարե կոթողները

Վերջին օրերին զանգվածային տարբեր լրատվամիջոցներով անդրադարձ է կատարվում Երեվանի Նոր Նորք թաղամասում գտնվող «Վիշապի կոթողներ» այգում կատարվող ապօրինի շինարարությանը, ծառահատումներին եվ ուրարտական դարաշրջանի 4000-ամյա քարե կոթողների ոչնչացմանը: Այս փաստի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախաղ Աղվան Հովսեփյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության, տարածքից 1800 քմ մակերեսի նկատմամբ ինչ որ անձի տրվել է սեփականության իրավունք եվ պետք է կատարվի կառուցապատում:

«24.11.2010թ. ՀՀ բնապահպանության նախարարի եվ մի խումբ պատգամավորների միջամտությամբ գործընթացը դադարեցվել է՝ մինչեվ ներկայացված նախագծերի փորձաքննության անցկացումը: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող՝ որոշակի տարածքներ:

Ըստ ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված բանավոր տեղեկատվության՝ մասնավորեցված հողամասը գտնվում է վերոնշյալ հուշարձանների զբաղեցրած եվ առանձնացված տարածքում»,-ասվում է նամակում:

«Ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը՝ մեզ մոտ առաջացել են հետեվյալ հարցերը. 1. ովքեր են պատասխանատու պետական սեփականություն հանդիսացող այդ տարածքներում գտնվող հուշարձանների զբաղեցրած եվ առանձնացրած հողամասերի օտարման համար, ովքեր են տվյալ տարածքում տվել եվ համաձայնեցրել շինարարություն իրականացնելու համար քաղաքաշինական փաստաթղթերը (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն, նախագիծ):

Հաշվի առնելով վերոգրյալը եվ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջներով՝ առաջարկում եմ քննարկել պետական շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու հարցը, ինչպես նաեվ միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության (ներառյալ քրեական) ենթարկելու համար»,-ասվում է դատախազին ուղղված նամակում: