Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նպատակով մեր երկիր է ժամանել Լեհաստանի արժեթղթերի գործակալության պատվիրակությունը նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալի գլխավորությամբ: Նոյեմբերի 30-ին Արթուր Բաղդասարյանն ընդունել է պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացին գործակալության հնարավոր մասնակցության հետ կապված հարցեր:
Քշիշտոֆ Ժարնոտալը ներկայացրել է իր ղեկավարած գործակալության հնարավորություններն ու փորձը ազգային փաստաթղթերի արտադրության եւ մատակարարման բնագավառում` նշելով, որ գործակալությունն անհատական տվյալների քարտեր, անձնագրեր եւ վիզաներ է մատակարարում ինչպես Լեհաստանին, այնպես էլ` արտասահմանյան մի շարք երկրների:
Ինչպես հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը, Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման, ինչպեսեւ` կադրերի պատրաստման ու վերապատրաստման գործընթացում լեհական կողմի հետ փորձի փոխանակման կազմակերպումը եւ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության իրականացումը:





