Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Հանձնաժողովի նիստում հաստատվեց Ֆ.Նանսենի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է 2011 թ.հոբելյանական տարվա ընթացքում Երեւանում եւ մարզերում կազմակերպել Նանսենի կյանքին եւ գործունեությանը նվիրված մի շարք միջոցառումներ:
Մասնավորապես` Շիրակի մարզի «Ձիթողցենց տանը» կբացվի Ֆ. Նանսենի թանգարանը, Երեւանում եւ Գյումրիի Նանսենի անվան մանկատան առջեւ կտեղադրվեն Նանսենի արձանը եւ կիսանդրին: Ֆ. Նանսենի գործունեությանը նվիրված գիտաժողովներ, նկարների, քանդակների, գրքերի ցուցահանդեսներ, գրական ցերեկույթներ, կլոր սեղաններ կկազմակերպվեն Երեւանում եւ մարզերում, նախատեսվում է Ֆ. Նանսենի հայերեն գրքերը ցուցադրել Օսլոյում: Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեի` Հայաստան պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել «Ֆրիտյոֆ Նանսենը եւ Հայաստանը» թեմայով գիտական կոնֆերանս: Հոբելյանական միջոցառումների շրջանակում ծրագրված է նաեւ ստեղծել ՀՀ-ում եւ Սփյուռքում նանսենյան անձնագրեր ունեցողների եւ նրանց ժառանգների մասին տվյալների բազա, թողարկել Ֆ. Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված նամականիշ եւ հուշադրամ, հոբելյանական պղնձե հուշամեդալ, հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Փոխվարչապետն առաջարկեց հնչեցված կարծիքների հիման վրա ճշգրտումներ կատարել միջոցառումների ծրագրում եւ վերջնական տարբերակն ուղարկել համապատասխան պետական մարմիններին` միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով:





