AM
30 Նոյեմբեր 2010 - 14:54 AMT

ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Արարատյան դաշտավայրի արտեզյան հորերի վերազինման ընթացքին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Արարատյան դաշտավայրի արտեզյան հորերի վերազինման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան՚»ի ծրագրերի շրջանակում:

Փոխվարչապետը մարզպետ Է. Բարսեղյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, ՙՀՄՀ-Հայաստան՚ ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ եղավ Արարատի մարզի Դաշտավան եւ Սայաթ-Նովա համայնքներում, որտեղ արտեզյան հորերը զինվում են ջրաչափիչ սարքավորումներով եւ փականային համակարգերով: Նշվեց, որ ջրաչափերի տեղադրումը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ տվյալներ ունենալ օգտագործվող ջրի ծավալների մասին, ինչը կարեւորվում է ջրային պաշարների կառավարման եւ արդյունավետ օգտագործման տեսանկյունից:

Արարատյան դաշտավայրում իրականացվում է 44 արտեզյան հորի վերազինում, վթարային վիճակում գտնվող 5 հոր փակվելու է: Ներկայումս Արարատի եւ Արմավիրի մարզերում արդեն ավարտվել են 24 հորի աշխատանքները: Անդրադառնալով «ՀՄՀ-Հայաստան»-ի ոռոգման ենթակառուցվածքների վերկանգնմանն ուղղված ծրագրերին` Ա. Գեւորգյանը կարեւորեց աշխատանքների որակը: Նա հույս հայտնեց, որ դրանք կիրականացվեն պահպանելով ժամանակացույցը եւ կավարտվեն նախանշված ժամկետներում` թույլ տալով ոռոգման նոր շրջանն սկսել նոր հնարավորություններով:

Փոխվարչապետը տեղում շփվեց նաեւ բնակչության հետ, որոնց հիմնականում մտահոգում էր ջրամատակարարման խնդիրը: Փոխվարչապետը մարզպետին եւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց քննարկել բարձրացված հարցերը եւ լուծումներ առաջարկել: