2130 դրամի առևտուրը Հակոբյանների ընտանիքին 500 հազար դրամի շահում է պարգևել: Վերջից յոթ թվի համընկնմամբ շահող է դարձել 92734590 հատուկ համարով ՀԴՄ կտրոնը: 73-ամյա Հերիքնազ տատիկին այն տրվել էր քաղցրավենիք գնելիս: Այս, ինչպես և մյուս ՀԴՄ կտրոնները, թոշակառու ամուսինները խնամքով են պահում, միայն թե վիճակահանության ժամանակ դրանք ստուգելու գործը վստահում են դստերը` Լաուրային: Այն, որ երջանիկ համարով կտրոնն իրենց ձեռքում է, Հակոբյանների ընտանիքն իմացել է միայն ամսվա վերջում` նոյեմբերի 29-ին` զանգահարելով Պետական եկամուտների կոմիտեի «Թեժ գիծ»:
ՊԵԿ մասնագետներն անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի շահողը հասցնի ստանալ գումարը (նոյեմբերի 30-ը շահում ստանալու վերջին օրն էր): Նոյեմբերի 30-ին «Արարատբանկ»-ում Հակոբյանները ստացել են շահումը: Բանկը շահող ընտանիքին նաև նվեր քարտ է հանձնել: Թոշակառու ամուսինները մտադիր են այդ գումարով լուծել բնակարանի ջեռուցման խնդիրը:
Առ այսօր «Արարատբանկ»-ի կողմից ընդհանուր առմամբ տրամադրվել է 128 մլն դրամի պարգևավճար և բոնուս, որից 18 մլն դրամը` պարգևավճար, 110մլն դրամը` բոնուս:





