«ԱՄՆ Պետքարտուղարության` մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններին վերաբերող գաղտնազերծված նամակների բովանդակությունը վերլուծաբանների համար առանձնակի նորություն չէր»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով WikiLeaks կայքի հրապարակած փաստաթղթերում պարունակվող Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների արտահայտությունները միմյանց մասին: Նրա խոսքով, ինքն արդեն բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանն այդքան կարևոր նշանակություն չունի Թուրքիայի համար և հակառակը:
Ընդ որում` անդրադառնալով այն փաստին, որ բացահայտված փաստաթղթերի համաձայն, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գաղտնի հաշիվներ ունի 8 շվեյցարական բանկերում, հայ փորձագետն ասաց, որ Էրդողանը ստիպված կլինի թուրք հասարակությանը բացատրել, թե որտեղից ինքն այդքան գումար ունի: Դրա հետ մեկտեղ նա համոզմունք հայտնեց, որ Էրդողանը ներգրավված է կոռուպցիոն սկանդալների մեջ: Նրա խոսքով, բացահայտված նամակները Թուրքիայի վարչապետի համար լուրջ ներքաղաքական խնդիրներ կստեղծեն:
Նոյեմբերի 29-ին WikiLeaks կայքն առաջատար համաշխարհային լրատվամիջոցներին հանձնեց ԱՄՆ Պետքարտուղարության ավելի քան 250 հազար բացահայտված նամակներ` հիմնականում աշխարհի տարբեր երկրներում ամերիկյան դիվանագետների ծառայողական և գաղտնի գրություններ:





