Վրաստանի նախագահ Էդուրադ Շեւարդնաձեն անհրաժեշտ է համարում «հավասարազոր» հարաբերությունների զարգացումը ինչպես ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստի» գործակալությունը, նա հայտարարել է այսօր իր ավանդական ռադիոելույթում: Նրա խոսքերով, տվյալ կոնցեպցիան տարբեր ոլորտներում իրականացվում է տարբեր ձեւաչափով: Օրինակ, Արեւելք-Արեւմուտք ուղղությամբ Մետաքսի Մեծ ճանապարհի նախագծերի հետ մեկտեղ զարգանում են Հյուսիս-Հարավ ուղղությունները: «Ես ի նկատի ունեմ համագործակցությունը Ռուսաստանի «Գազպրոմ»-ի եւ ՌԱՕ ԵԷՍ-ի հետ, ինչպես նաեւ Մոսկվա-Թբիլիսի-Երեւան տրանսպորտային առանցքը»,-ասել է Է.Շեւարդնաձեն: Ընդ որում, նա նշել է, որ գոյություն ունեցող նախագծերին կավելանան նորերը` այնպիսիք, ինչպես Աբխազիայի Գալիի շրջան վրացի փախստականների վերադարձը եւ Սոչի-Թբիլիսի երկաթուղու վերականգնումը:





