«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունն իր ցավակցություններն է հայտնում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղին ունեցած աղետալի երկրաշարժի հետեւանքով զոհվածների հարազատներին: «Հազարավոր ընտանիքներ շարունակում են սերունդներով իրենց գոյությունը պահպանել տնակներում»,-ասվում է այս կապակցությամբ «Հայք» միության հայտարարության մեջ
Հաշվի առնելով շինարարության ոլորտում հայտնաբերված բազմաթիվ խախտումներն ու յուրացումները. Հայաստանի որբ երեխաներին բնակարաններով ապահովելու պետական ծրագրի շրջանակներում բյուջետային միջոցներից միլիոնավոր դոլարների խայտառակ յուրացումների պատմությունը, Վերահսկիչ պալատի կողմից պետական բյուջեի հաշվին քաղաքաշինության ոլորտում բազմաթիվ յուրացումների բացահայտումների դեպքերը, «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է Կառավարությունից իրական քայլեր ձեռնարկել:
Կուսակցությունը կոչ է անում «ապամենաշնորհացնելով եւ պետական մասշտաբի կոռուպցիայից ազատելով շինարարության ոլորտը, աղետի գոտու վերականգնման աշխատանքների կապալառուներին ընտրել թափանցիկ մրցույթների միջոցով, վերահսկել հատկացվող անհրաժեշտ միջոցների ծախսման արդյունավետությունը եւ առաջիկա ամիսներին վերջնական լուծում տալ աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքների հարցին»: «Վերահսկիչ պալատից եւ իրավապահ մարմիններից պահանջում է պարզել աղետի գոտու վերականգնման նախորդ տարիների ծրագրերի տապալման պատճառները եւ պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին»,-ասվում է «Ժառանգություն՚» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության հայտարարության մեջ:





