Դեկտեմբերի 8-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագիրը Երևանում կազմակերպել է երկօրյա աշխատաժողով:
«ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ժամանակակից սահմանային անվտանգության համակարգի ստեղծմանն ու սահմանների համալիր կառավարմանը, որն արդեն վավերացվել է ՀՀ նախագահի կողմից: Մենք արդեն մտադիր ենք կյանքի կոչել բոլոր նախանշված միջոցառումները»,-հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ երկիրը ակտիվ համագործակցություն է ակնկալում այդ հարցում ԵՄ-ի ու ՄԱԿ-ի փորձագետների հետ: Նա հաղորդել է նաև, որ մինչ 2011թ. փետրվարը արդեն պատրաստ կլինի կոնկրետ գործողությունների ծրագիրը:
Բաղդասարյանը նշել է նաև, որ սահմանների կառավարման համակարգի բարեփոխումը առաջնայիններից է Հայաստանի համար: « Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի սահմանները համապատասխանեն լավագույն եվրոպական չափանիշներին, որ սահմանային ենթակառւցվածքները արդիականացվեն ու տեխնիկապես վերազինվեն: Դա կբացառի նաև բյուրոկրատական քաշքշուկը անցակետերում և քաղաքացիների ու բեռների փոխադրումը կպարզեցվի»,-ասել է Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ Վրաստանի հետ Հայաստանը մտադիր է անցնել «մեկ պատուհանի» համակարգին, այսինքն, հայ-վրացական սահմանը հատող մարդիկ ստուգման կենթարկվեն միայն մեկ անցակետում: Բաղդասարյանը հավելել է, որ Հայաստանը մտադիր է դառնալ «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների թվում առաջիններից մեկը, որը բարեփոխումներ կիրականացնի սահմանային ոլորտում:





