Դեկտեմբերի 20-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Տոմաշ Պորեբային` ուղեկցությամբ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանի:
Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ 1915թ. Հայոց ցեղասպանության և խորհրդային աստվածամերժության տարիներին Հայ Առաքելական եկեղեցու կրած դժվարություններին, որոնց հետևանքները դեռ զգալի են նաև նորօրյա ժամանակներում: Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններին և այն համագործակցությանը, որ իրականացվում է տարբեր ոլորտներում` ի բարօրություն ժողովրդի:
Ինչպես հայտնում է Սբ. Էջմիածնի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում խոսվեց նաև տարածաշրջանային տարբեր խնդիրների և դրանց հաղթահարմանն ուղղված Հայ Եկեղեցու ջանքերի մասին: Մասնավոր անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, Ադրբեջանում հայկական մշակութային արժեքների ոչնչացման և Վրաստանում հայոց եկեղեցիների վերադարձման, ինչպես նաև վիրահայոց թեմի իրավական կարգավիճակին խնդիրներին:





