AM
22 Դեկտեմբեր 2010 - 13:06 AMT

Կաթնաղբյուրի ջուրը հասավ Կենտրոն

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Ավանի Աճառյան թաղամասից մինչև «Աբովյանի պուրակ ՕԿՋ» /օրվա կարգավորիչ ջրամբար/ նոր թուջե ջրատարի շահագործման մեկնարկի հանդիսությունը, որին ներկա էին ֆրանսիական Վեոլիա Ջուր ընկերության տարածքաշրջանային ղեկավար Պիեռ Բրյունեն, «Երևան ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը:

Ջրատարը, որը 2010թ. ապրիլ – հոկտեմբեր ամիսներին մայրաքաղաքում ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում «Երևան Ջուր» ՓԲԸ-ի պատվերով կառուցել է «ՀԱԷԿ-ի «Շինարարություն» ՓԲԸ-ն, ունի 400մմ տրամագիծ և 4,5 կմ երկարություն: Նախագծի ընդհանուր արժեքը 643 մլն դրամ է, որը հատկացվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներից: Միաժամանակ կառուցվել է 5 փականային խուց, իրականացվել են ջրագծերի միացման և այլ անհրաժեշտ աշխատանքներ:

Շինարարության ընթացքում կառուցվել է նաև հեղեղատար ցանց` Մյասնիկյան պողոտայում, Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածությամբ ջրատարին զուգահեռ տեղադրվել է 100մմ տրամագծով պոլիեթիլենային լրացուցիչ խողովակ, որով հետագայում հնարավոր կլինի կապի համար մալուխ տեղադրել առանց նոր խրամուղի փորելու: Ասֆալտապատումը նույնպես իրականացվել է համատեղ ուժերով:

Նոր ջրատարն առաջին հերթին նպատակ ունի ապահովել Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարման հուսալիությունը: Այն ներկայումս հիմնականում ջուր է ստանում «Գառնի-Երևան» ջրատարից և վերջինիս կանգառի դեպքում, այլընտրանքային ջրատարի բացակայության պարագայում, ունենում է ջրամատակարարման հետ կապված խնդիրներ: Միաժամանակ, արդեն այսօր Երևանի հյուսիսային շրջաններում ջրակորուստների նվազեցման շնորհիվ կա հնարավորություն Կենտրոնին ինքնահոս եղանակով մոտ 130 լ/վ ջուր մատակարարել Կաթնաղբյուրից, ինչը հնարավորություն կտա համապատասխան քանակությամբ ջուր Գառնիի ջրատարից ուղղել դեպի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններ` նվազեցնելով Արարատյան պոմպակայանից այնտեղ ստացվող ջրաքանակը, հաղորդում է «Երևան ջուր» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: