AM
12 Հունվար 2011 - 07:14 AMT

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեց ոռոգման համակարգում իրականացվող վերականգնման ծրագրերի ընթացքը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ հունվարի 11-ին քննարկվեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի կողմից ոռոգման համակարգում իրականացվող վերականգնման ծրագրերի ընթացքը: Քննարկմանը մասնակցում էին ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինը և «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Փոխվարչապետին ներկայացվեցին պոմպակայանների վերականգնման և վերազինման, երրորդ կարգի ջրանցքների, դրենաժային համակարգի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների ծավալները:

Մասնավորապես չորս` Բաղրամյանի, Նոյակերտի, Բուրաստանի և Ավշար-Այգեվանի պոմպակայանների վերաբերյալ ներկայացվեց աշխատանքների իրականացման նոր ժամանակացույց, որն արդեն համաձայնեցվել է նախագծող, շինարարական ու վերահսկող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՄԿ-ի հետ: Ժամանակացույցով նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև ս. թ. մարտի 15-ը: Միաժամանակ տեղեկացվեց, որ նշված պոմպակայանների վերականգնման աշխատանքները ժամանակին չավարտելու դեպքում հողատարածքների ոռոգման այլընտրանքային եղանակներ ևս դիտարկվում են:

Հանդիպմանը նաև անդրադարձ եղավ Նոյեմբերյանի պոմպակայանի հատվածում Դեբեդ գետի պատվարի շինաշխատանքների կազմակերպման ընթացքին, ինչպես նաև մտահոգություն հայտնվեց երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրով ներգրավված «Զարուբեժվոդստրոյ» ընկերության աշխատանքների ոչ բավարար տեմպերի կապակցությամբ:

Տեղեկացվեց, որ մնացած բոլոր ծրագրերով առաջընթացը բավարար է, և աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում:

Կողմերը կարևորեցին շինաշխատանքները մինչև նոր ոռոգման շրջանն ավարտելու հանգամանքը` ոռոգման գործընթացն անխափան իրականացնելու համար: Ա. Գևորգյանը հորդորեց ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը` աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում այցելել պոմպակայանների վերականգնման շինհրապարակներ` աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: