ՌԴ հետ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության զարգացումը 2010 թ. շարունակում էր մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնայնություններից մեկը: Երկուստեք քայլեր են ձեռնարկվել հարաբերությունների առավել խորացման, նոր հեռանկարային ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ 2010 թվականի հաշվետվության մեջ:
Ընթացիկ տարում շարունակվել է բարձր մակարդակով ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Երկկողմ ձեւաչափով ՀՀ եւ ՌԴ Նախագահները ունեցել են շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ: ՀՀ Նախագահն ու վարչապետը հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետի հետ:
Օգոստոսի 19-20-ը տեղի ունեցավ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջին պետական այցը Հայաստան, որի արդյունքում ստորագրվեցին հինգ կարեւոր երկկողմ փաստաթղթեր, մասնավորապես` ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու նպատակով համագործակցության մասին համաձայնագիրը, ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որով նախատեսվում է ոչ միայն ռազմակայանի ժամկետների երկարաձգում, այլեւ ռուսաստանյան ռազմական բազան Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ կապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այդ նպատակների իրագործման համար ռուսական կողմը կաջակցի Հայաստանի Հանրապետությանը ժամանակակից սպառազինություններով եւ ռազմական տեխնիկայով:
Այցի շրջանակներում Գյումրիում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայությամբ բացվեց հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող “Պատվո բլուր” հուշահամալիրը:
2010 թ. հոկտեմբերի 23-24-ը ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը մասնակցեց Եկատերինբուրգում կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքներին:
2010 թ. հունվարի 13-14-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: Հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի եւ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հետ:
Տարվա ընթացքում շուրջ երկու տասնյակ հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի միջեւ, ասվում է փաստաթղթում:





