AM
14 Հունվար 2011 - 15:18 AMT

ՀՀ ԱԳՆ. 2010 թ. hայ-կանադական հարաբերություններում արձանագրվել է զգալի աշխուժություն

2010 թ. hայ-կանադական հարաբերություններում արձանագրվել է զգալի աշխուժություն, հատկապես` երկկողմ շփումների տեսանկյունից: Առաջընթաց է նկատվել քաղաքական խնդիրների շուրջ երկու երկրների միջեւ երկխոսությունն ընդլայնելու եւ առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ, ասվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվության մեջ:

2010 թ. մայիսի 30-ից հունիսի 1-ը պաշտոնական այցով Կանադա է այցելել ՀՀ ԱԳ Նախարար Է. Նալբանդյանը: Հանդիպումներ են կայացել Կանադայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: 2010 թ. ընթացքում շարունակվեցին զարգանալ ավանդական սերտ հարաբերություններն Արգենտինայի, Բրազիլիայի եւ Ուրուգվայի հետ` առեւտրական, տնտեսական, միջխորհրդարանական, մշակութային եւ այլ բնագավառներում:

2010 թ. մայիսի 20-22-ը Արգենտինայի արտաքին հարաբերությունների, պաշտամունքի եւ միջազգային առեւտրի նախարար Խորխե Տայանան այցելեց Հայաստան: Մայիսի 21-ին Հայաստանի եւ Արգենտինայի ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի ունեցավ Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման արարողությունը:

Հումանիտար համագործակցության շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Հայիթիում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետեւանքները վերացնելու նպատակով հատկացնել 100.000 ԱՄՆ դոլար: 2010 թ. Բրազիլիայում հիմնադրվել է ՀՀ դեսպանություն, ասվում է փաստաթղթում: