AM
14 Հունվար 2011 - 15:39 AMT

ՀՀ ԱԳՆ. 2010 թ. նշանավորվել է 11 տարի ընդմիջումից հետո ԵԱՀԿ գագաթաժողովի կազմակերպմամբ

2010 թ. նշանավորվել է տասնմեկ տարի ընդմիջումից հետո ԵԱՀԿ գագաթաժողովի կազմակերպմամբ: Տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները մեծապես պայմանավորվել էին այս հանգամանքով, ասվում է ՀՀ արտգործնախարարության 2010թ, տարեկան հաշվետվության մեջ:

Փետրվարի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի Հանրապետության պետական քարտուղար – ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին: Մարտի 12-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Հուլիսի 17-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում արտգործնախարար Նալբանդյանը մասնակցել է ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին հանդես է եկել ելույթով` ներկայացնելով Հայաստանի տեսակետները Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ:

Նախարարական հանդիպման շրջանակներում կայացել է նաեւ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայացել է ԵԱՀԿ գագաթաժողովը, որին մասնակցել եւ ելույթով հանդես է եկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովն ընդունել է հռչակագիր, որում այլ հարցերի շարքում, անդրադարձ է կատարվել նաեւ հակամարտությունների լուծմանը` ընդգծելով դրանց խաղաղ կարգավորումը` համաձայնեցված ձեւաչափերում, միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Կոչ է արվել զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից` ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքներին համապատասխան:

2010 թ. ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաեւ ԵԱՀԿ մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ:

Մայիսի 18-ին Հայաստան է այցելել մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, որին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ասվում է ԱԳՆ հաշվետվության մեջ: