2010 թ. օգոստոսի 20-22-ը Երևանում անցկացվեց ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը, որի կարևոր ձեռքբերումներից էր կազմակերպությունը ճգնաժամային արձագանքման առավել արդյունավետ մեխանիզմով օժտելու մասին պայմանավորվածությունը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ 2010թ. հաշվետվության մեջ:
2010 թ. մայիսի 8-9-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Մոսկվա` ՀԱՊԿ անդամ պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին:
Տարվա ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այցելություններ է կատարել Հայաստան, հանդիպումներ ունեցել երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ:
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում այդ, ինչպես նաև հավաքական անվտանգության համակարգի միջոցների և ուժերի ձևավորման ու կիրառման կատարելագործմանը և ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող համաձայնություններն ամրագրվեցին համապատասխան իրավական փաստաթղթերով:
2010 թ. ընթացքում տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների երկու պաշտոնական` մարտին և դեկտեմբերին Մոսկվայում և երկու ոչ-պաշտոնական հանդիպում. սեպտեմբերին` Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի նախօրեին, և դեկտեմբերին` Աստանայում, ԵԱՀԿ գագաթաժողովի նախօրեին, որոնց ընթացքում նախարարները քննարկել են տվյալ միջազգային կազմակերպությունների օրակարգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները, ինչպես նաև ՀԱՊԿ օրակարգի կարևորագույն հարցերը:
2010 թ. ընթացքում կարևորվել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների հետ ԳհԽ օրակարգի բոլոր բնագավառներում: Հատուկ ուշադրության է արժանացել առանցքային նշանակություն ունեցող Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ արդյունավետ իրագործումը:
Մայիսի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, հանդիպել դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
Հունվարի 28-ին Լոնդոնում կայացած Աֆղանստանին նվիրված համաժողովի աշխատանքներին մասնակցել է ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը: Մայիսի 12-ին Բրյուսելում կայացել է Հյուսիսատլանտյան Խորհուրդ-Հայաստան ամենամյա հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարները:
Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայացել է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերին ներդրում կատարող ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունը:
Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով փետրվարի 14-ին Կունդուզ քաղաք է ժամանել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը:
Սեպտեմբերի 11-16-ը Հայաստանում կայացել է Աղետների արձագանքման եվրատլանտյանհամակարգման կենտրոնի (EADRCC) “Արմենիա- 2010” վարժանքը:
ՀՀ ԱԳՆ հետևողականորեն շարունակել է տարբեր միջազգային ատյաններում բարձրացնել Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ պայմանագրով նախատեսված սովորական սպառազինությունների առաստաղների գերազանցման խնդիրը: 2010 թ. ընթացքում ԱԳ նախարարությունը ակտիվ մասնակցել է ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, մասնավորապես, ԵԱՀԿ ռազմաքաղաքական հարցերի վերանայման, արդիականացման և համապատասխանեցման վերաբերյալ:
2010 թ. ապրիլի 11-13-ը Վաշինգտոնում կայացած Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցել է և ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ս.թ. սեպտեմբերի 20-24-ը Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության 54-րդ տարեկան համաժողովին:
Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի (ԿԶԿ) անդամ պետությունների 2010 թ. դեկտեմբերին կայացած ամենամյա հանդիպմանը Հայաստանն առաջին անգամ այս ձևաչափում հանդես եկավ զեկույցով, որում ներկայացվեց կենսաբանական վտանգների և համաճարակների կանխարգելման և հակազդման ազգային համակարգը (հարավկովկասյան երկրներից միակը):





