ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը հունվարի 21-ին ծանոթացավ Լոռու մարզում «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերակառուցվող երեք դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին: Լոռու մարզպետ Արմեն Քոչարյանի, «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Հ. Սարգսյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ Սպիտակի թիվ 1, Վանաձորի թիվ 22 և Ստեփանավանի թիվ 6 դպրոցներում:
Փոխվարչապետին ներկայացվեց, որ դպրոցներում շինաշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի. արդեն դրանց 40-45%-ը կատարվել է: Արմեն Գևորգյանը պատասխանատուներին հորդորեց ուշադրություն դարձնել աշխատանքների որակին` նկատելով, որ ծրագիրն ունի նաև մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ:
Դպրոցների վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2010թ. հունիսին, ավարտը, ըստ ժամանակացույցի, նախատեսվում է 2011թ. վերջին, սակայն աշխատանքների` ներկայիս տեմպերով շարունակվելու դեպքում հնարավոր է համարվում դպրոցների շահագործումը մինչ հաջորդ ուսումնական տարվա սկիզբը:
Լոռու մարզից փոխվարչապետը մեկնեց Նոյեմբերյանի տարածաշրջան, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի ուղեկցությամբ ծանոթացավ ՀՄՀ-ի ծրագրերի շրջանակում Նոյեմբերյանի պոմպակայանի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը: Փոխվարչապետին տեղեկացվեց, որ ընդհանուր աշխատանքների մեծ մասը` մոտ 65%-ն արդեն կատարվել է, առաջիկայում կսկսվի պոմպակայանի վերազինումը. անհրաժեշտ սարքավորումները ներմուծվել են, մի մասն արդեն տեղափոխված է:
Փոխվարչապետին ներկայացվեց նաև պոմպակայանի ջրառն ապահովող Դեբեդ գետի պատվարի վերականգնման հարցը: Շինարարությունն իրականացնող ֆրանսիական «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերությունն արդեն ներկայացրել է պատվարի վերակառուցման նախագիծը, և առաջիկայում շինաշխատանքները կմեկնարկեն, հաղորդում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:





