AM
22 Հունվար 2011 - 09:21 AMT

Հայաստանում Իտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ամփոփել է 2010 թ. գործունեության արդյունքները

Հունվարի 19-ին տեղի ունեցավ Հայաստանում Իտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի 2010 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված հաշվետու խորհրդակցություն, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Նշվեց, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից իրականացվել են որոշակի աշխատանքներ միջազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում: ԱԿԲ-ի գործունեության ուղղություններից առաջնահերթային են համարվել` հետախուզումը, անձերի օպերատիվ ստուգումները և նույնացումը, առևանգված ավտոտրանսպորտային միջոցների հետախուզումը, դրամանենգությունը և փաստաթղթերի կեղծումը և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում ԱԿԲ-ն համագործակցել է Ինտերպոլի անդամ 102 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Թուրքիայի, Իրանի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի հետ:

Ինտերպոլի անդամ երկրներից հետախուզման վերաբերյալ ստացված հարցումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում ոստիկանության մարմինների միջոցով հաջողվել է կազմակերպել 37 անձանց հայտնաբերումը Հայաստանի Հանրապետությունում (15-ը հետախուզվում էին միջազգային մակարդակով), որոնցից 9-ը ձերբակալվել են:

Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ հաջողվել է պարզել նրանցից 119-ի (2009 թ.` 99) գտնվելու վայրը, որոնցից 101-ը (2009 թ.` 84) ձերբակալվել են, իսկ 26-ը (2009 թ.`-18)՝ ենթարկվել էքստրադիցիայի:

Հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձանց (2009 թ.` 26), որոնցից 34-ը (2009 թ.` 24) ձերբակալվել են, 10-ը` (2009 թ.` 9) ենթարկվել էքստրադիցիայի:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ձևակերպումների մասնագիտացված կետից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգվել է 19422 ավտոտրանսպորտային միջոց: Արդյունքում՝ Հայաստանում հայտնաբերվել է հափշտակված 14 ավտոմեքենա, ասվում է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի մամլո հաղորդագրության մեջ:

Ամփոփելով խորհրդակցությունը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը նշեց, որ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոն հաշվետու ժամանակաշրջանում շոշափելի աշխատանք է տարել իր վրա դրված պարտավորությունները կատարելու ուղղությամբ: Սակայն կան ընթացքի մեջ գտնվող խնդիրներ, որոնց վրա հարկ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Այդ խնդիրների թվում կարեւովրեց բարեփոխումների իրականացումը, երիտասարդ կադրերի պատրաստումը, միջազգային համագործակցության ամրապնդումը, պայքարը միջազգային եւ տարածաշրջանային հանցավորության դեմ: