ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում եղավ Մարտունու և Զոլաքարի պոմպակայանների շինհրապարակներում, ծանոթացավ վերականգնման և վերազինման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Նվեր Պողոսյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:
Տեղեկացվեց, որ Զոլաքարի պոմպակայանում իրականացվել է վերականգնման աշխատանքների 70, Մարտունու պամպակայանում` 60%-ը: Առաջիկայում կսկսվի վերազինումը: Երկու պոմպակայաններն էլ երկաստիճան են. Սևանա լճի մակարդակի բարձրացման պատճառով առաջին աստիճանում գտնվող պոմպերին ջրածածկում է սպառնում: Վերականգնումից հետո պոմպակայանները կգործեն ողջ հզորությամբ` ապահովելով անխափան ջրամատակարարում:
Պատասխանատուները փոխվարչապետին հավաստիացրեցին, որ չնայած եղանակային խիստ պայմաններին` աշխատանքներն իրականացվում են ողջ ծավալով, և ժամանակացույցից շեղումներ չկան: Արմեն Գևորգյանն ընդգծեց աշխատանքների` որակով ու ժամանակին կատարումը և անհրաժեշտ համարեց պոմպակայանների գործարկումը մինչ ոռոգման նոր շրջանի սկիզբը, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:





