AM
7 Փետրվար 2011 - 08:07 AMT

Բացահայտվել է Հայաստան մաքսանենգ ձկնկիթ ներմուծելու փորձ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները մաքսանենգ ձկնկիթ ներմուծելու փորձ են բացահայտել: Շուրջ 5,5 կիլոգրամ ընդհանուր քաշով սև և կարմիր ձկնկիթը հայտնաբերվել է Թբիլիսի-Սպիտակ երթուղային տաքսիով Հայաստան ուղևորվող Վրաստանի քաղաքացի Նաիրա Միկելադզեի մոտ, ում անձնական ուղեբեռը զննման էր ենթարկվել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետում: Հենց այդտեղ էլ Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները պարզել են, որ Վրաստանի քաղաքացու կողմից ապակյա տարաներով տեղափոխվող ձկնկիթը հայտարարագրված չէ:

Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն: Ն.Միկելադզեից վերցվել է բացատրություն, իսկ չհայտարարագրված ապրանքն ի պահ է հանձնվել ՙՁյունիկ սառնարան՚ ընկերության մաքսային պահեստ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը: