AM
14 Փետրվար 2011 - 14:15 AMT

«Հայք» միությունը կոչ է անում ակտիվորեն մասնակցել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագծի քննարկումներին

Կառավարության նախաձեռնությամբ 2010 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը և դրանից ածանցվող փոփոխություններ ու լրացումները «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:

«Կառավարության այս նախաձեռնությունը լուրջ թերություններ եւ բացթողումներ ունի, որոնք վերաբերում են ինչպես նախագծում տեղ գտած եզրույթների երկիմաստ եւ թերի լինելուն, այնպես էլ ընդերքօգտագործողների եւ սեփականատերերի լիազորությունների չարաշահմանը»,-ասվում է «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության հաղորդագրության մեջ:

Սույն թվականի փետրվարի 15-ին ժամը 12:00-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ վերոնշյալ օրինագծերի փաթեթի վերաբերյալ:

«Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը բոլոր շահագրգիռ կազմակերպություններին եւ անհատներին կոչ է անում համախմբվել` կազմակերպելով և ակտիվորեն մասնակցելով քննարկումներին, նախագիծը լրամշակելու նպատակով հանդես գալով առաջարկություններով: