Փետրվարի 15-ի առավոտյան ժամը 10:00-ին Գյումրի քաղաքում վրացական պետհամարանիշներով շահագործվող ավտոմեքենաների վարորդները պետք է մեկնեին Վանաձոր` մասնակցելու ժամը 12:00-ին կազմակերպված բողոքի ակցիային՝ ուղղված ՀՀ մաքսային օրենսդրության վերջին փոփոխությունների դեմ: Սակայն ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են մեքենաների շարժը դեպի Վանաձոր:
Վարորդները, այնուամենայնիվ, ուշացումով` ժամը 11:20-ին, ուղեւորվել են Վանաձոր: Արդեն Ջաջուռ գյուղի մոտ պարզվել է, որ ճանապարհը փակ է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ինչպես տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, շուրջ հիսուն մեքենաների շարժը միակողմանիորեն Գյումրիից Վանաձոր դադարեցվել է:
Ախուրյանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Գալստյանը հայտնել է հավաքվածներին, որ իրենք ունեն համապատասխան հրաման փակել ճանապարհը եւ թույլ չտալ վրացական պետհամարանիշներ ունեցող մեքենաներին ուղեւորվել Գյումրիից Վանաձոր: Գալստյանը հայտարարել է, որ ձեռնարկված գործողություններն օրինաչափ են եւ ինքը պատրաստ է պատասխանատվություն կրել իր գործողությունների համար:





