Փետրվարի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է «Հայ միասնության խաչ» կազմակերպության ներկայացուցիչներին:
«Հայ միասնության խաչ» հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված է քրիստոնեական արժեքների տարածմանը, մանուկների հոգևոր դաստիարակությանը, նրանց շնորհների զարգացմանը տարբեր ոլորտներում, ինչպես նաև հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների խնամքին և հասարակության մեջ ինտեգրմանը: Կազմակերպության առաքելության իրագործմանը աջակցում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` քաջալերելով ազօգուտ աշխատանքը և տրամադրելով գործունեության ընդլայնման համար անհրաժեշտ շենքային պայմաններ, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:
Կազմակերպության ղեկավարությանը և մանուկներին Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ տարեցտարի ընդլայնվում է կազմակերպության գործունեությունը և նորանոր մանուկներ են ընդգրկվում խմբակներում, կոչ արեց ավելի սերտ համագործակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Էջմիածնի հայորդյաց տան հետ: «Շատ կարևոր է, որ ճիշտ դաստիարակություն և արժեքներ ջամբենք մեր մանուկներին, որպեսզի կյանքում կրողը լինեն ճշմարիտ այդ արժեքների և լինեն հավատարիմ զավակներ մեր ազգի ու արժանավոր քաղաքացիներ մեր Հայրենիքի», – նշեց Վեհափառ Հայրապետը` հորդորելով աշխատակազմին ամբողջական նվիրումով և սիրով շարունակել իրենց առաքելությունը:





