Փետրվարի 16-ի առավոտյան «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը Տավուշի մարզի մի շարք գյուղերից հավաքված վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների հետ միասին շարժվեցին դեպի Նոյեմբերյան: Այս մասին ասվում է «Ժառանգություն»” կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ: Այստեղ նրանց միացան տեղացի վարորդները եւ անցկացվեց կարճատեւ հանրահավաք, որի ընթացքում ներկայացվեց Շիրակի Եւ Լոռու մարզի վարորդների պահանջագիրը, որին միացան նաև տավուշցի վարորդները: Ապա բողոքի ակցիայի մասնակից շուրջ 80 մեքենաների շարասյունը ուղեւորվեց դեպի Բագրատաշեն:
Բագրատաշենում տեղի ունեցավ հանրահավաք, որից հետո պատգամավորները վարորդների անունից հանդիպեցին Բագրատաշենի մաքսակետի պետ Կարեն Գրիգորյանի, ինչպես նաեւ Գուգարքի մաքսային վարչության պետ Հովհաննես Աբովյանի հետ, ում փոխանցեցին վարորդների` 4 կետերից բաղկացած պահանջագիրը: Հ.Աբովյանը տեղեկացրեց, որ օրերս փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ավտոմեքենաների ներմուծման մաքսադրույքի հնարավոր նվազեցման խնդիրը, ինչպես նաեւ նոր օրենքի կիրառումից տուժած վարորդներին անտոկոս վարկեր տրամադրելու առաջարկներ: Այս հարցերը գործադիրի օրակարգում են եւ կառավարության վաղվա նիստում քննարկվելու են:
Փետրվարի 17-ին կառավարության շենքի առջեւ տեղի կունենա Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի վրացական համարանիշերով (չմաքսազերծված) ավտոմեքենաների վարորդների բողոքի ակցիա, որին սատարում է «Ժառանգություն» կուսակցությունը:





