AM
17 Փետրվար 2011 - 11:53 AMT

Դատարանի որոշմամբ կապամոնտաժվի Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ալեսփյուռը

Ավարտվել է Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի եւ «ՉԱՊ» ՍՊԸ –ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությունը: Այսօր ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ պահանջեց մեկամսյա ժամկետում հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել «ՉԱՊ» ՍՊ ընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռը եւ մալուխը: Իսկ «ՉԱՊ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ անվճար հարկադիր սերվիտուդ սահմանելու պահանջը, դատարանը մերժեց: Դատավորը նաեւ կողմերին զգուշացրեց, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում, այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով:

«Հիշեցնենք, որ այս գործով ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս 2008թ.-ին էր նույն որոշումը կայացրել: Վերաքննիչ դատարանը եւս մնաց նույն դիրքորոշմանը, որ քաղաքապետարանի հայցը ենթակա է բավարարման, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործը դարձյալ ուղարկեց ՀՀ ՇՄ Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով , նոր քննության: Նոր կազմը եւս մնաց հաստատակամ եւ կայացրեց այնպիսի որոշում, որը սպասելի էր: Իսկ այս գործի նախապատմությունը, երկարաժամկետ հետաձգումները, կասեցումները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ պարզապես իշխանություններն իրենց առաջ խնդիր էին դրել ժամանակ շահել եւ ճիշտ պահին լռեցնել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը»,-ասվում է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հայտարարության մեջ:

Հեռուստաընկերության աշխատակիցները տեղեկացնում են, որ դատական հերթական որոշումը համարում են կողմնակալ եւ ապօրինի, ուստի շարունակելու են պայքարը ազատ խոսքի պաշտպանության եւ հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու սահմանադրական իրավունքի համար: