Փետրվարի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչիի հետ: Ողջունելով Յան Ձիեչիին` Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Չինաստանի արտգործնախարարի այցելությունը Երեւան վկայում է երկու երկրների միջեւ վերջին տարիների դինամիկ եւ ակտիվ հարաբերությունների մասին:
Նախարարները համակարծիք էին, որ երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդեց անցյալ տարի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցելությունը եւ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինտաոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, համագործակցության գոյություն ունեցող ոլորտներն առավել ընդլայնելու եւ նորերն ընդգրկելու հնարավորությունները:
Հայաստանի եւ Չինաստանի արտգործնախարարները կարեւորեցին երկու երկրների միջեւ բարձր մակարդակի շփումների պարբերական բնույթը եւ համոզմունք հայտնեցին, որ դրանք նոր թափ կհաղորդեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Հանգամանալից քննարկվեց միջազգային խնդիրների լայն շրջանակ: Տարածաշրջանային հարցերի քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Չինաստանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանի ավանդական` «Մեկ Չինաստանի» վերաբերյալ դիրքորոշման համար: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, տրանսպորտի, էներգետիկայի, հումանիտար, մշակութային ու կրթական փոխանակումների ընդլայնմանը եւ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Յան Ձիեչին կարեւորեցին տնտեսական բնագավառում փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, ընդգծելով, որ երկկողմ տնտեսական կապերի զարգացման կարեւոր վկայություն է Չինաստանի Շանսի նահանգում Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությամբ հայ-չինական «Շանսի Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկումը, Հայաստանում Չինաստանի կողմից իրականացվող տնտեսական ծրագրերը: Անդրադարձ կատարվեց հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին:
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարության շարունակական տեխնիկական աջակցության համար, որի շնորհիվ միայն այս տարի կտրամադրվեն մոտ ութ տասնյակ շտապ օգնության մեքենաներ, հետագայում՝ նաեւ մի քանի տասնյակ ավտոբուսներ:
Չինաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Երեւանի օտար լեզուների համալսարանում գործող Կոնֆուցիոսի կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները՝ չինական լեզվի եւ մշակույթի տարածման գործում:
Նախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդատվությունների ակտիվացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





