Փետրվարի 17-ին` ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար, ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:
Համաձայնագիրը կարգավորում է գիտական և հումանիտար ոլորտների փոխկապակցված համագործակցությունը: Այն ուղղված է հայ-ռուսական գիտատեխնիկական, ինովացիոն, տեղեկատվական, մշակութային համագործակցության խթանմանը, ինչպես նաև երկու երկրների երիտասարդության համագործակցության ակտիվացմանը:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն ունի հարուստ պատմություն` սկսած խորհրդային ժամանակաշրջանից: Այժմ փոխվել է իրավիճակը, և այս համաձայնագիրը հիմք կծառայի` նոր պայմաններով զարգացնելու այդ համագործակցությունը:
Համաձայնագրի շրջանակներում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ` նվիրված Յուրի Գագարինի տիեզերք առաջին թռիչքի 50-ամյակին: Հոբելյանի առթիվ տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի հատուկ գիտական նստաշրջան: Բյուրականի աստղադիտարանի հիմքի վրա կանցկացվի ԱՊՀ երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների Գագարինյան միջազգային գիտաժողով` «Բյուրականի պարզ երկնքի տակ» անվանմամբ:
Հատուկ ուշադրություն կդարձվի ՀՀ ԳԱԱ-ի երիտասարդ գիտնականների խորհրդի համագործակցությանը, երիտասարդ ինովատորների մրցույթներին, թրեյնինգներին, ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների միջազգային հանդիպումների կազմակերպմանը և այլն, հաղորդում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:





