Փետրվարի 18-ին կայացել է ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են ՀԱՊԿ շրջանակում 2010 թվականին իրենց գերատեսչությունների կատարած աշխատանքը:
Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ ռազմաքաղաքական այս դաշինքի շրջանակում Հայաստանը 2010 թվականին գործել է բավական արդյունավետ. «Մենք ակտիվ մասնակցել ենք ՀԱՊԿ շրջանակում բոլոր միջոցառումներին, արդյունքում` ստորագրվել է 34 փաստաթուղթ, որոնցից 10-ը` միջազգային պայմանագրեր եւ համագործակցության համաձայնագրեր: Կարեւոր էր հատկապես ռազմաարդյունաբերության ոլորտում մեր համագործակցության ակտիվացումը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ: Ռազմական արտադրանք թողարկող ձեռնարկություններին վերաբերող միջպետական գիտաարտադրական միավորումների ստեղծման մասին համաձայնագրի կնքումն այս ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու նոր հիմք է տալու մեզ: Շատ կարեւոր էր նաեւ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներին վերաբերող փաստաթղթերի փաթեթի ստորագրումը եւ 2011 թվականին Հայաստանում այդ ստորաբաժանումների զորավարժություններն անցկացնելու մասին որոշումը»:
Նիստում կարեւորվել է, որ այս տարի ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի եւ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայ-ռուսական ազգային հատվածների համատեղ նիստերը կանցկացվեն Հայաստանում: ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 10-րդ հոբելյանական նիստը եւս կկայանա Երեւանում, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:





