AM
18 Փետրվար 2011 - 11:50 AMT

Երևանում քննարկել են կրոնի կամ դավանանքի ազատությունը կարգավորող օրենսդրական դաշտին առնչվող խնդիրները

Փետրվարի 17-ին Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված քննարկման առանցքում էին Հայաստանում կրոնի կամ դավանանքի ազատությունը կարգավորող օրենսդրական դաշտին առնչվող խնդիրները: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» եւ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվական վարչության երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և կրոնական կազմակերպությունների, միջազգային հանրության ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցները քննարկեցին Հայաստանում կրոնի կամ դավանանքի ազատության կարգավորման դաշտի մարտահրավերները և ներկայիս իրավիճակը, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի, ինչպես նաև հարակից օրենքների վերջին փոփոխությունները, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ 2010 թ, միջանկյալ համատեղ եզրակացությունը, նաև 2009թ. համատեղ եզրակացությունը:

«Այս քննարկման նպատակն է նպաստել Հայաստանի ջանքերին` կրոնի կամ դավանանքի հիմնավոր օրենսդրություն պատրաստելու գործում»,-ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Միջազգային փորձագետները ներկայացրեցին վերլուծության արդյունքները և իրավական կարծիքում ամփոփված առաջարկները, ինչպես նաև դիտարկեցին օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղիները:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը իր բացման ելույթում նշեց. «Մենք պատրաստակամ ենք օգտվել Վենետիկի հանձնաժողվի փորձագիտական խորհրդատվությունից և աջակցությունից: Օրենսդրական փաթեթի վերջնական տարբերակները պատրաստ լինելուն պես` կրկին կներկայացվեն Վենետիկի հանձննաժոովի փորձագետների դիտարկմանը»: