«Ժառանգություն» կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնում ԱԺ-ում` արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Հայաստանը առաջին անհրաժեշտության ապրանքների բարձր գներով առաջատար դիրք է գրավում աշխարհում: Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում:
«Կոալիցիոն իշխանությունները հավելյալ ֆինանսական բեռի տակ են գցում մեր քաղաքացիներին: Բավական չէր ԱՊՊԱ կոչված կողոպուտի գործընթացը, հիմա էլ ներդնում են վրացական պետհամարանիշերով մեքենաների պարտադիր մաքսազերծման նոր գործընթաց, որն, ըստ էության, մինչև վերջ աղքատացնելու և նոր պարտքերի տակ է գցելու Հայասատանի հյուսիսում ապրող տասնյակ հազարավոր ընտանիքների: Իրականացնել նման գործընթացներ, հաշվի չառնելով դրա սոցիալական հետևանքները, կարող է միայն այն իշխանությունը, ում համար չկա ավելի բարձր շահ, քան սեփական գրպանի պարունակությունը»,-ասել է պատգամավորը:
«Ժառանգություն» կուսակցությունն իր սկզբնավորման օրվանից եղել է մեր քաղաքացիների կողքին և աջակցել նրանց արդար պայքարին: Այս օրերին մեր աջակցությամբ տեղի ունեցան բազմաթիվ բողոքի ակցիաներ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում: Կարևորն այն է, որ ժողովուրդն արթնանում է և տեր կանգնում իր իրավունքներին` այդ թվում սոցիալական»,-ասել է Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում:





