AM
18 Փետրվար 2011 - 14:10 AMT

Արմեն Ռուստամյան. Ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի ընտրական իրավունքի պաշտպանության գաղափարի շուրջ

Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում ընթանում է ՀՅ Դաշնակցության կազմակերպած «Քվեն ուժ է» Ընտրական իրավունքի պաշտպանության շարժման սկիզբն ազդարարող միջոցառումը: Միջոցառմանը ելույթ է ունեցել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Կանգնած ենք նոր ընտրությունների նախաշեմին և կրկին նույն հարցի առջև ենք` ընտրությունները ի վիճակի են ինչ-որ բան փոխել, թե ամեն ինչ կանխորոշված է: Հրատապ անհրաժեշտություն է շրջադարձ կատարել` արմատախիլ անելով իշխանության վերարտադրման համակարգը և ձևավորել իշխանափոխության հնարավորությունն ապահովող ընտրական համակարգ:

Դա հաջողելու բանալին ընտրական իրավունքի պաշտպանության գաղափարի շուրջ ժողովդի ինքնակազմակերպումն է: Այսպիսի շարժման առաջացման և ծավալման համար գլխավոր արգելքը տարիների ընթացքում հասարակական գիտակցության մեջ ընտրությունների հանդեպ ձևավորած կարծրատիպերն են: Շարժումը պետք է վերականգնի ժողովրդի հավատը իր ուժերի նկատմամբ` համախմբելով հասարակությանը կարևորագույն մի գաղափարի շուրջ` տիրել իշխանությանը տեր կանգնելով յուրաքանչյուրի ընտրական իրավունքին»,-ասել է պատգամավորը:

«Այս պարզ իմաստն է պարունակում «Քվեն ուժ է» շարժման կարգախոսը և նույնքան հստակ է շարժման նպատակը` «Ընտրական իրավունքի իրացման միջոցով հասնել ժողովրդի իշխանության հաստատմանը»: Հետևաբար ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ ընտրական իրավունքի պաշտպանությունից է սկսվում մնացած բոլոր իրավունքների պաշտպանությունը:

Ընտրական գործընթացների նկատմամբ իշխանությունների լիակատար վերահսկողությունը հակակշռել հնարավոր է միայն ընտրական իրավունքի պաշտպանության և իրացման շնորիհիվ: Այդպիսի ամբողջական իրացմանը հասնելու համար անհրաժեշտ է շարժմանը հասարակական լայն աջակցություն ապահովել: Շարժմանը մաս կազմելու համար բացարձակապես կարևոր չէ թե անձն ում օգտին է քվեարկելու: Կարևորը, որ նա պատրաստակամ է տեր կանգնելու իր ձայնին և քվեարկելու իր կամքով:

Շարժման հաջողությունը հատկապես բխում է նորմալ ընտրություններ անցկացնելու խնդրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի շահերից: Քանզի, եթե սա էլ նրանց չմիավորի ուրիշ որևէ այլ գաղափար դժվար թե կարողանա այսքան միանշանակ լինելով միավորել տարաբնույթ քաղաքական ուժերին:

Շարժման հաջող մեկնարկի համար Դաշնակցությունը ստեղծել է անհրաժեշտ նախադյալներ և իր ամբողջական աջակցությունն ու օժանդակությունն է բերելու շարժման հետագա ծավալման համար»,-ասել է Ռուստամյանը, հաղորդում է ՀՅԴ Մամլո դիվանը: