AM
19 Փետրվար 2011 - 07:34 AMT

Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայրապետական պատգամն է հղել երիտասարդներին

Փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ս. Սարգսի տոնի նախօրեին, Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Հայ Եկեղեցու հայաստանյան թեմական երիտասարդական կառույցների, հասարակական կազմակերպությունների շուրջ հինգ հարյուր երիտասարդների հետ: Սա Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) կողմից «Հայրապետական պատգամ» ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջին հանդիպումն էր Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Հանդիպման խորագիրն էր «Հայ Եկեղեցին երիտասարդների կյանքում, երիտասարդները Հայ Եկեղեցում»:

Հանդիպման սկզբում հանուն երիտասարդների խոսք ասաց ՀԵՀԵԿ հոգևոր պատասխանատու Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Այնուհետև երիտասարդներին Հայրապետական իր պատգամն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կազմակերպության պատասխանատուներին` գլխավորությամբ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, ինչպես նաև երիտասարդական կառույցների գործունեությանը սատարող թեմակալ առաջնորդներին` նկատելով, որ այս հանդիպումը լավագույն վկայությունն է կազմակերպության աշխույժ և արդյունավոր գործունեության, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում անդրադարձավ ժողովրդի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին, որոնց դիմագրավումն եկեղեցական ասպարեզից ներս հնարավոր նկատեց ակտիվ համագործակցությամբ բարեպաշտ ժողովրդի, և առավել ևս երիտասարդների:

Նորին Սրբությունը խոսեց նաև հոգևոր-ազգային կյանքի վերակառուցման հրամայականի մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց կազմակերպության անդամներին նորանոր երիտասարդներով ավելի ստվար դարձնել իրենց շարքերը, լինել քարոզիչներ մեր հայրերի հավատի:

Երեք ժամ տևած հանդիպման ընթացքում երիտասարդները Ամենայն Հայոց Կաթողիկոսից ստացան նաև իրենց հուզող հարցերի պատասխանները, հանդես եկան տարբեր առաջարկներով: Հանդիպումն ավարտվեց «Հայրապետական մաղթանքով» և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: