AM
19 Փետրվար 2011 - 07:55 AMT

Տիգրան Փոստանջյանը պահանջում է պաշտպանել Փոստանջյանների ընտանիքին քաղաքական հաշվեհարդարից

ՀՀ դատախազության կողմից հարուցված քրեական գործը հիմք է տալիս հայտարարելու, որ ուժային կառույցների միջոցով հետապնդումներ են սկսվել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դեմ: Այս մասին փետրվարի 18-ին գրավոր հայտարարությամբ է հանդես եկել Տիգրան Փոստանջյանը, որը «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն է: «Մտավախություն ունեմ, որ հետապնդումներ սկսվեն մեր մյուս հարազատների և Զարուհու ընտանիքի նկատմամբ, ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ հետապնդումները կրեն ցանկացած բնույթ, ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդարի տեսքով: Հատկանշական է այն փաստը, որ իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանց նախապես ինձանից բացատրություններ ստանալու կամ որևէ այլ կերպ իմ տեսակետը լսելու»,-ասվում է նամակում:

Տիգրան Փոստանջյանը պահաջնում է պաշտպանել իրեն իշխանությունների սադրանքներից ու ճնշումներից, իսկ Փոստանջյանների ընտանիքին քաղաքական հաշվեհարդարից: Նամակը հասցեագրված է ԱԺ նախագահին, Ազգային անվտանգության ծառայության պետին, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահին, ինչպես նաև ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին:

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Մասնավորապես` Տ. Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով: