AM
19 Փետրվար 2011 - 12:52 AMT

Երևանում կցուցադրվեն էներգաարդյունավետ սարքավորումներ

2011 թ. մարտի 10-12-ին Երևանի Մոսկվայի տանը տեղի կունենա «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն ապրանքներ և ծառայություններ, որոնք գործարարներին կաջակցեն բարձրացնել ձեռնարկություններում էներգաարդյունավետությունը` խթանելով հետագա զարգացումը:

Ցուցահանդեսի հիմնական նպատակը Հայաստանի էներգաարդյունավետության շուկայի զարգացումն է, հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում, Էներգաարդյունավետ սարքավորումների վերջին նմուշների և նորարար տեխնոլոգիաների ցուցադրումը, տեղական ռեսուրսների օգտագործման ծավալների աճին և էներգաարդյունավետ սարքավորումների արտադրությանը աջակցումը, արտադրող-սպառող հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև այս հարցերի վերաբերյալ հանրային իրազեկումը:

«ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» մասնագիտական միջոցառմանը կներգրավվեն բանկեր և վարկային կազմակերպություններ, որոնք նախատեսում են մշակել էներգարդյունավետությանն ուղղված ֆինանսական գործիքներ, ինչպես նաև էներգաարդյունավետ սարքավորումների և տեխնոլոգիաների տեղական և միջազգային արտադրողներ և ներմուծողներ, ներդրողներ, ոլորտի առաջատար փորձագետներ, գիտնականներ:

Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն արդի էներգաարդյունավետ սարքավորումներն ու տեխնոլոգիաները, ներառյալ`ջերմամեկուսիչ նյութեր, ջեռուցման և օդափոխության սարքավորումներ, էներգախնայող լուսային համակարգեր, էներգառեսուրսների օգտագործման ավտոմատ համակարգեր և այլն:

«ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» ը կազմակերպվում է IFC Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի կողմից, որը մշակվել է էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկա հիմնելու և Հայաստանի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու նպատակով: Ծրագիրը ֆինանսական աջակցություն է ստանում Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից, ասվում է EXPOMEDIA-ի մամլո հաղորդագրության մեջ: