Փետրվարի 15-17-ը Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչին հավատարմագրերը հանձնելու նպատակով Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը գտնվում էր Զագրեբում: ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ նաև Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ Լուկա Բեբիչին, Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղարներ Անդրեյ Պլենկովիչին և Մարիո Նոբոլիոյին, ինչպես նաև Խորվաթիայի նախագահի արտաքին հարցերով խորհրդական, դեսպան Յոսկո Պարոյի հետ:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց հայ-խորվաթական համագործակցության ներկա մակարդակը և նշվեց երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Այդ իմաստով դեսպան Կարապետյանը առանցքային համարեց Խորվաթիայի նախագահի Հայաստան կայանալիք պաշտոնական այցն այս տարվա ընթացքում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները, հատուկ անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ու համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությանը:
Դեսպան Կարապետյանը Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Բեբիչի հետ քննարկեց առաջիկայում նրա Հայաստան կայանալիք պաշտոնական այցելության մանրամասները, ինչպես նաև խորհրդարանական համագործակցության սերտացման հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում Լուկա Բեբիչը Խորվաթիայի խորհրդարանի աջակցությունը հայտնեց Հայաստանի եվրաինտեգրման հետ կապված գործընթացում: Կարևորվեց խորհրդարանական ուղղակի կապերի խթանումը, փոխայցելությունների և ճանաչողական տարբեր բնույթի միջոցառումների իրականացումը երկու երկրների խորհրդարաններում:
Դեսպան Կարապետյանը Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղարներ Պլենկովիչի և Նոբոլիոյի, ինչպես նաև Խորվաթիայի նախագահի արտաքին հարցերով խորհրդական, դեսպան Պարոյի հետ քննարկեց երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Նա ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ներկա վիճակը, անդրադարձ կատարեց տարածաշրջանային խնդիրներին: Հանդիպումների ընթացքում նշվեց երկկողմ համագործակցության առկա հզոր ներուժը և պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակելու գործնական ծրագիր հարաբերությունների զարգացման ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:





