ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի զարգացման ծրագրերի կատարման ընթացքն այսօր քննարկվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ մարզպետարաններում անցկացված խորհրդակցություններում:
Քննարկվեցին ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Ներկայացվեցին նշված ժամանակահատվածում մարզերում տարբեր ոլորտներում իրականացվելիք աշխատանքները:
Փոխվարչապետը Շիրակի եւ Լոռու մարզպետներին հանձնարարեց ձեւավորել աշխատանքային խմբեր` ՏԿ նախարարության հետ ընդհանուր փաստաթղթերը եւ 2011 թ. աշխատանքային պլանները լրամշակելու, ինչպես նաեւ մոնիթորիգի կիրառման մեխանիզմները նույնականացնելու համար:
Խորհրդակցությունների ընթացքում օրակարգային էր համայնքների 2011 թ. բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2010թ. ցուցանիշների նկատմամբ: Նշվեց, որ այս մարզերում եւս կան համայնքներ, որոնց բյուջեներում ամբողջությամբ չեն արտացոլվել սեփական եկամուտների բազային ցուցանիշները: Փոխվարչապետի հանձնարարությամբ մարզպետները նման բյուջեներ ունեցող համայնքների ղեկավարներին կառաջարկեն վերանայել դրանք` ներառելով սեփական եկամուտների բազային ցուցանիշները ողջ ծավալով եւ ապահովել նախորդ տարվա պլանային մակարդակը: Անդրադարձ եղավ նաեւ հողերի վարձակալության խնդրին: Փոխվարչապետը նկատեց, որ անցած տարի ընդունված իրավական ակտերով առավել հեշտացվել է մասնավորապես արոտները վարձակալության հանձնելու գործընթացը, եւ համայնքապետերը կարող են շահագրգռել գյուղացիական տնտեսություններին` ավելացնելու վարձակալվող հողերի ծավալները: Դա նաեւ լրացուցիչ մուտքեր կապահովի համայնքային բյուջե:
Քննարկվեցին նաեւ գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին, ոռոգման նոր շրջանի կազմակերպմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր, հայտնում է նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը:





