AM
23 Փետրվար 2011 - 13:40 AMT

«Սարդարապատ» շարժման անդամները քննարկել են Սահմանադրական դատարանի գործառույթները

Փետրվարի 23-ին տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի պետա-իրավական հանձնաժողովի նիստը «Սահմանադրական դատարանի գործառույթները. ներկան և ապագան» թեմայով։ Նիստի բանախոս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ներկայացրեց Սահմանադրական դատարանի ներկա գործառույթները, համեմատելով այն 1995 թվականի Սահմանադրությամբ ամրագրված գործառույթների հետ, փաստելով, որ այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել Սահմանադրական դատարան դատական ակտերով իրեն վերաբերվող վճիռները բեկանելու համար:

Արտակ Զեյնալյանը նշեց նաև, որ դատաիրավական շատ նորմեր այսօր էլ չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և գործող օրենքների մոտ 70 տոկոսը հակասության մեջ են ՀՀ Սահմանադրության հետ: 2006 թվականից առ այսօր Սահմանադրական դատարանի կողմից 40 նորմ ճանաչվել է ոչ սահմանադրական և մոտ 100 քաղաքացու դիմում-գանգատ բավարարվել է:

Համեմատելով Եվրամիության մի շարք երկրներում Սահմանադրական դատարանների գործառույթների հետ բանախոսը նշեց, որ քաղաքացիների կողմից Սահմանադրական դատարաններում վիճարկվում են նաև դատական ակտերի, օրենքների սահմանադրականությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարաններ ընդունվում են դիմում-գանգատներ հասարակական կազմակերպությունների կողմից, ասվում է «Սարդարապատ» շարժման մամլո հաղորդագրության մեջ: