AM
3 Օգոստոս 2026 - 11:42 AMT

Թալեբը մերժել է Բաքվի հրավերը․ «Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է»

Աշխարհահռչակ տնտեսագետ, գիտնական, ծագումով լիբանանցի Նասիմ Նիկոլաս Թալեբը մերժել է դասախոսություն կարդալու Բաքվի հրավերը: Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:

Թալեբը հայտարարել է, որ ոտք չի դնի Ադրբեջան, քանի դեռ հայտնի գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է։

«Ինձ հրավիրել էին Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի։ Նրանք զգալիորեն բարձրացրեցին առաջարկվող վարձատրության չափը՝ չհասկանալով իմ էթիկան։ Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է»,-գրել է նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան նախկինում մեջբերել է իր մտքերը՝ Թալեբը նշել է, որ դա որևէ պարտավորություն չի ստեղծում իր համար:

«Այն փաստը, որ որևէ կառավարություն հավանում է իմ աշխատանքը, իմ մոտ փոխադարձության ցանկություն չի առաջացնում: Ես անշարժ գույքի գործակալ չեմ»,-գրել է մա:

Թալեբը կառավարման գիտությունների ոլորտում փիլիսոփայության դոկտոր է, ուսումնասիրում է պատահական և անկանխատեսելի իրադարձությունների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Նա հեղինակել է մեծ ճանաչում ստացած «Սև կարապ», «Հակափխրունություն», «Պրոկրուստյան մահիճ» գրքերը:

Թալեբը 2023-ի նոյեմբերին այցելել էր Հայաստան, մասնակցել «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: