AM
24 Փետրվար 2011 - 08:27 AMT

ՔՀՀ ցանցը կոչ է անում պետական մարմիններին ապահովել հասարակության մասնակցությունն օրենքերի մշակման գործընթացին

2010-2011 թթ. հասարակության մեջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վկայում են պետական մարմինների կողմից գենդերային հավասար հնարավությունների և երաշխիքների խախտման մասին: Մյուս կողմից հասարակության մի շերտ դրսևորում է սեփական իրավունքների և շահերի պաշտպանության ակտիվություն: Այս մասին ասվում է «Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի»հայտարարության մեջ:

«Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի»անդամ 27 կազմակերպությունները, քաղաքացիական ակտիվ խմբեր, կանանց իրավունքներով մտահոգված այլ հասարակական կազմակերպություններ, մամուլի ներկայացուցիչներ մեկնաբանել և իրենց առաջարկներով մասնակցել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ Օրենքում փոփոխություններ կատարելու մասին»նախարարության կողմից առաջարկված օրենքի նոր նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկմանը: Նոր նախագիծը Կառավարության հավանությունը ստանալուց հետո կքննարկվի Ազգային Ժողովում:

ՔՀՀ ցանցը, ի դեմս 27 հասարակական կազմակերպությունների, կոչ է անում ՀՀ օրենսդիր, գործադիր մարմիններին հավասարակշիռ և թափանցիկ գործելակերպ որդեգրել, միայն հասարակական երկխոսության արդյունքում ընդունել օրենքներ, որոնք չեն ոտնահարում հասարակության որևէ խմբի իրավունքները: Այսուհետ ևս ապահովել հասարակության լայն շերտերի ներգրավածությունը պետական քաղաքականությունների, օրենքերի ընդունման գործընթացներում` որպես երաշխիք հասարակության բոլոր անդամների իրավունքների և շահերի պաշտպանության պետության կողմից, ասվում է Քաղաքացիական Հասարակության Համագործակցության (ՔՀՀ) Ցանց-ի հայտարարության մեջ:

Հաշվի առնելով ժողովրդավարության կայացման գործում Քաղաքացիական հասարակության դերի կարևորությունը` որպես իշխանության հաշվետվողականության բարձրացման եւ մարդու իրավունքների ինստիտուցիոնալացված պաշտպանության լրացուցիչ կազմակերպված օղակի, Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը (ՔՀՀՑ) կոչված է համակարգել և ուղղորդել այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք մտահոգ են Հայաստանում աղքատության հաղթահարման հիմնախնդրով եւ հանրային քաղաքականություններով: