AM
3 Օգոստոս 2026 - 18:47 AMT

Marriott Bonvoy-ը բողոքից հետո հեռացրել է դեպի Շուշի և Ստեփանակերտ զբոսաշրջային առաջարկը

Marriott Bonvoy-ը դադարեցրել է դեպի Արցախ նախատեսված վիճահարույց զբոսաշրջային փաթեթի առաջարկը՝ հայկական կազմակերպությունների և իրավապաշտպանների նախաձեռնած միջազգային հնգօրյա բողոքի արշավից հետո, հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Խոսքը մոտ 14 ժամ տևողությամբ շրջագայության մասին էր, որը ներառում էր այցելություններ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի և Ստեփանակերտ քաղաքներ։ Փաթեթը հասանելի էր ամրագրման համար Marriott-ի զբոսաշրջային ծառայությունների հարթակում, իսկ օգտատերերը դրա դիմաց կարող էին ստանալ Marriott Bonvoy-ի բոնուսային միավորներ, գրում է «Փաստինֆոն»:

ANCA-ի տեղեկացմամբ՝ առաջարկի նկարագրության մեջ բացակայում էին հիշատակումներ Արցախի հայկական պատմության, Ադրբեջանի կողմից իրականացված շրջափակման, ռազմական գործողությունների և հայկական բնակչության բռնի տեղահանման մասին։

Շրջագայության ծրագրում ընդգրկված էր նաև Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որը ներկայացվել էր որպես տարածաշրջանային քարե արվեստի և ճարտարապետության օրինակ՝ առանց որևէ հիշատակման դրա հայկական ծագման վերաբերյալ։

Հաղորդագրության համաձայն՝ խնդիրը հուլիսի 27-ին առաջինը հրապարակայնացրել էր Հայկական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնը (CARA)։ Դրանից հետո ANCA-ն, տարբեր երկրներում գործող հայկական կազմակերպությունները, գործընկեր կառույցներն ու լրատվամիջոցները սկսել էին համակարգված բողոքի արշավ։

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել էր, որ Marriott-ը չպետք է շահույթ ստանար Արցախի հայ բնակչության տեղահանման և դրա հետևանքների հաշվին։

Կազմակերպության տվյալներով՝ միջազգային արձագանքից հետո Marriott-ը հինգ օրից էլ կարճ ժամանակում հեռացրել է վիճահարույց զբոսաշրջային փաթեթը։ Ընկերությունը մինչ այժմ առանձին հրապարակային պարզաբանում չի ներկայացրել առաջարկը հանելու պատճառների վերաբերյալ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։