ՌԴ «Չեստնի զնակ» պետական մակնշման համակարգը «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանից ներմուծված ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների իրացումը։
Համակարգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ սահմանափակումը վերաբերում է «Բջնի» (BJNI) հանքային խմելու ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի, այդ թվում՝ մանկական, ինչպես նաև «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների առանձին խմբաքանակներին, գրում է Vedomosti-ն:
«Ներկայում «Ռոսպոտրեբնադզորի» կողմից նշված խմբաքանակների իրացումն արգելված է ինչպես մանրածախ, այնպես էլ առցանց վաճառքի միջոցով՝ մինչև բոլոր անհրաժեշտ ստուգումների ավարտը։ Մակնշման համակարգը ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղային համակարգի հետ, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես գործարկել սպառողների պաշտպանության մեխանիզմը»,- նշել է Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։
Նրա խոսքով՝ 2026 թվականի սկզբից համակարգը կանխել է պիտանելիության ժամկետների և պարտադիր պահանջների խախտումներով արտադրված 48 միլիոն շիշ խմելու ջրի վաճառքը։
Նշվում է, որ սահմանափակման պատճառ է դարձել Ռուսաստանի քաղաքացիների կյանքի և առողջության համար հնարավոր վտանգի առկայությունը։ Մամուլի ծառայության ներկայացուցչի պնդմամբ՝ արտադրողները խախտել են տվյալ արտադրանքի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջները։ Միաժամանակ ընդգծվել է, որ արգելափակումը վերաբերում է միայն որոշակի ամսաթվերին արտադրված խմբաքանակներին և չի տարածվում մնացած արտադրանքի վրա։





