AM
4 Օգոստոս 2026 - 18:13 AMT

Լեմկինի ինստիտուտն աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

ԱՄՆ-ում գործող Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարել է, որ աջակցում է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը՝ Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու նպատակով կանանց մարդասիրական պատվիրակություն ձևավորելու վերաբերյալ։

«Լեմկինի ինստիտուտը դիմում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Միացյալ Թագավորության, ԵՄ և այդ դաշինքի անդամ պետությունների ղեկավարներին՝ կոչ անելով նրանց Ադրբեջանում իրենց դիվանագիտական ներկայության միջոցով երաշխավորել տիկին Զոնաբենդի և Բաքու այցելող մյուս կանանց անվտանգությունը»,- նշված է հայտարարության մեջ, հայտնում է «Ազատությունը»:

«Իրավապաշտպաններին, ազդեցիկ անհատներին, քաղաքական գործիչներին և միջազգային կազմակերպություններին՝ մասնավորաբար այն կառույցներին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ և ցեղասպանությունների կանխարգելմամբ, կոչ ենք անում միանալ մեզ՝ բանտարկված հայերի կանանց և ընտանիքի անդամների աջակցությանն ուղղված մեր ջանքերում՝ հնարավորություն ստեղծելով, որպեսզի նրանք կարողանան այցելել Բաքվում գտնվող իրենց հարազատներին»,- նշված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցելու նպատակով։ Այդ առնչությամբ նա արդեն 2-րդ անգամ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։