Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել ՀՀ հետ բարեկամության խորհրդարանական խմբի կազմավորման պաշտոնական արարողությունը, հայտնում է Արգենտինայում Հայաստանի դեսպանությունը։
Միջոցառմանը մասնակցել են խմբի նախագահ, պատգամավոր Մարիա Լուիսա Գոնսալես Էստեվարենան, խմբի անդամները, Պատգամավորների պալատի միջազգային և ինստիտուցիոնալ հարաբերությունների վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանը և դեսպանության երրորդ քարտուղար Ռուզաննա Ազրոյանը։
Դեսպան Հովհաննես Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Մարիա Լուիսա Գոնսալես Էստեվարենային՝ Արգենտինա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահի պարտականությունները ստանձնելու համար, իսկ խմբի մյուս անդամներին՝ նախաձեռնությանը միանալու համար։ Նա նաև առանձնահատուկ երախտագիտություն է հայտնել խմբի նախկին նախագահ, պատգամավոր Լիլիա Լեմոյնեին՝ նախորդ երկու տարիների ընթացքում արդյունավետ և սերտ համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-արգենտինյան միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։ Մասնավորապես, քննարկվել են բարեկամության խորհրդարանական խմբի շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև նախանշվել են ապագա համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Երկուստեք ընդգծվել է նաև Արգենտինայի հայ համայնքի կարևոր դերը՝ որպես երկու երկրների միջև բարեկամության, փոխըմբռնման և բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևոր կամուրջ։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանի և Արգենտինայի միջև միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանը և երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել խորացմանը։





