AM
5 Օգոստոս 2026 - 13:31 AMT

Ակադեմիական քաղաքի տարածքում բացահայտվել է հնագույն բնակավայր

Երևանի Սիլիկյան թաղամասում՝ այն տարածքում, որտեղ նախատեսվում է կառուցել Ակադեմիական քաղաքը, կատարվել է կարևոր հնագիտական բացահայտում։

Հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է 34 քարաշեն սենյակներից կազմված ճարտարապետական համալիր, ինչպես նաև զարգացած քարե արդյունաբերությանը բնորոշ գործիքներ։

Հետազոտողների գնահատմամբ՝ հայտնաբերված համալիրը կարող է լինել տվյալ տարածքում մինչ այժմ հայտնի ամենահին բնակավայրը, որի պատմությունը ձգվում է հազարամյակների խորքը։ Գտածոն ներկայացվել է Հայաստանի 2025 թվականի հնագիտական սեզոնի արդյունքների ամփոփման միջոցառման ժամանակ՝ 2026 թվականի մարտի 24-ին՝ երկրի մյուս կարևոր հնագիտական հայտնագործությունների շարքում, հայտնում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը:

Այս բացահայտումը նոր նշանակություն է հաղորդում Ակադեմիական քաղաքի նախագծին։ Հայաստանում կրթության, գիտության և նորարարության զարգացման նպատակով ստեղծվող համալիրը կառուցվում է մի վայրում, որտեղ պահպանվել են մարդկային վաղ բնակության հետքեր՝ ձևավորելով յուրահատուկ կապ հեռավոր անցյալի և ապագայի միջև։

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են պեղումների տարածք և հանդիպել աշխատանքներն իրականացնող հնագետների հետ։ Այցի ընթացքում պեղումների ղեկավար Հակոբ Սիմոնյանը նշել է, որ համալիրի առավել ճշգրիտ թվագրումն ապահովելու նպատակով կարևոր կլինի համագործակցել միջազգային հնագիտական լաբորատորիաների հետ, ինչը հնարավորություն կտա ավելի հստակ որոշել հայտնաբերված նյութերի ժամանակագրությունը։

Նշվում է, որ բացահայտված հնագիտական ժառանգությունն ամբողջությամբ ներառվելու է ծրագրի պահպանության և կառավարման նախագծերում՝ ապահովելով դրա հետագա ուսումնասիրությունն ու պահպանումը։

Պեղումներն ու հետազոտությունները շարունակվում են։ Հնագետները շարունակում են ուսումնասիրել համալիրը՝ դրա տարիքի, նշանակության և Երևանի տարածաշրջանի բնակեցման պատմության մեջ ունեցած դերի վերաբերյալ առավել ամբողջական պատկեր կազմելու նպատակով։