Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ նշելով, որ դատող կողմի համար սա տապալված դատավարություն է:
Դավիթ Իշխանյանի խոսքով՝ բոլորի համար ակնհայտ էր, որ վճիռն արդեն վաղուց կայացվել է այլ ատյաններում, հայտնում է Factor.am-ը:
«Դատավորական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը․ նրանք միայն հայտարարության կարգով կհրապարակեն այն, ինչն արդեն որոշված է։ Սա քաղաքական դատավարություն է, որտեղ գործում է ուժի օրենքը, այլ ոչ թե օրենքի ուժը։ Բայց քաղաքականապես և բարոյապես մեղադրող կողմը և դատավորական կոլեգիան չեն շահել դատը․ շահողը եղել ենք մենք՝ որպես մեղադրյալներ։ Դատող կողմի համար սա տապալված դատավարություն է»,- ընդգծել է Իշխանյանը։
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։





